ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հրապարակել է կառավարության որոշմամբ ստեղծված և վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած հակակոռուպցիոն խորհրդի վերաբերյալ իր առաջարկները: Եթե ընդունվեն, խմբակցությունը պատրաստ է քննարկել և մասնակցել հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատանքների կազմակերպմանը: Ընդգծելով, որ երկրի զարգացումն ապահովելու կարևորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը համոզված է, որ հանձնաժողովը կարող է լինել արդյունավետ, եթե ձևավորվի որոշակի սկզբունքներով: «Ժառանգությունը» ութ առաջարկ է արել, որոնց բովանդակությանն անդրադառնալուց առաջ արժի հասկանալ՝ իսկ ի՞նչ է ուզում «Ժառանգությունը» ընդհանրապես: Մի քանի օր առաջ նույն Ռուբիկ Հակոբյանի հարցն էր քննարկվում կուսակցության քաղխորհրդի նիստում՝ ՀՀ նախագահի հետ հանդիպման պատճառով: Կուսակից Զարուհի Փոստանջյանը նրա և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կուսակցությունից հեռացման հարց էր բարձրացնում՝ իշխանության հետ համագործակցության համար՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքից բացակայելու ընթացքում: Ճիշտ է, եկավ «Ժառանգության» նախագահը և ասաց, որ Արմեն Մարտիրոսյանը կուսակցության փոխնախագահ է և իրավազոր՝ որոշումներ կայացնելու, բայց ասաց նաև, որ ինքը չէր գնա նախագահական ու պաշտոնապես հայտարարեց, որ «Ժառանգությունը» չի մասնակցելու սահմանադրական բարեփոխումների քննարկմանը իրենից հաղթանակը գողացած իշխանության հետ: Հիմա՝ «Ժառանգությունը» փոխե՞լ է տեսակետը իշխանության որակի ու բնույթի մասին, թե՞ համարում է, որ նախագահը և վարչապետը տարբեր կուսակցություններից են, տրամագծորեն տարբեր քաղաքականություն են վարում՝ մեկը լեգիտիմ է, մեկը՝ ոչ, մեկի հետ կարող են քննարկումներ անել, մյուսի հետ քննարկումները համարում են սխալ: Ո՞րն է վերջապես «Ժառանգության» տեսակետը իշխանության վերաբերյալ: Ինչո՞վ է պայմանավորված կուսակցության հետևողական անհետևողականությունը, քաղաքական դաշտում մանևրելու նպատակը ո՞րն է: Իշխանության հետ հարաբերությունների այս մարտավարությամբ կուսակցությունը կարող է ոչինչ չստանալ, բայց բարևելու իրավունքը կորցնել իր ամենահավատարիմ ընտրողներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Սուրբ տեղը թափուր չի մնում, նախկին ԲՀԿ-ի քաղաքական նիշան շատ հրապուրիչ է դառնում ոչ միայն ՀԱԿ-ի, այլև՝ փաստացի «Ժառանգության» համար: Հետևողականություն կուսակցության քաղաքականության մեջ չկա, կա քաղաքական դաշտի իրողություններին հարմարվելու և ինքնապահպանվելու բնազդով թելադրված պահվածք: Երբ իշխանություններին հայտարարում ես ոչ լեգիտիմ, որևէ հարցով չպիտի նրանց հետ գործակցես, երբ գործակցում ես, կասկածի տակ ես դնում քո իսկ հայտարարությունը: Իշխանությունը չի կարող ըստ կուսակցական նպատակահարմարության իր տարբեր թևերով մեկ լեգիտիմանալ, մեկ անլեգիտիմանալ: Սա արդեն նույնիսկ զվարճալի չէ: